Եթե Հայաստանը զենք վաճառեր մի երկրի, որը խնդիրներ ունի ՌԴ-ի հետ. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանար. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի կողմից կրակոցները նոր չեն եւ այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ նոյմեբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսօրվա նիստերի ընթացքում, ենթադրում եմ՝ այդ հարցի վերաբերյալ քննարկում կլինի, բայց մի քիչ զարմանալի է, որ մենք դրա մասին պետք է անընդհատ նշենք մի կառույցում, որը հենց միտված է այդ կրակոցները կանխելուն»,-ասաց նա՝ հավելելով, որ իհարկե, ճիշտ չի համարում ՀԱՊԿ-ի լռությունը, երբ կրակում են Հայաստանի սահմաններին:
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այդ հարցն ինքն անձամբ չի բարձրացնելու. «Վստահեցնում եմ, որ այդ հարցը բարձրացվում է եւ բարձրացվել է ոչ միայն մեր իշխանության, այլեւ նաեւ նախկին իշխանությունների կողմից, բազմաթիվ անգամ: Իմ հենց առաջին հանդիպման ժամանակ թե պարոն Զատուլինի, թե ավելի բարձր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է, բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում: Նույնիսկ վարչապետի կողմից է հարցը հարձրացվել հրապարակային: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը, որ Հայաստանին եւս մենք զենք ենք տրամադրում եւ դա անում ենք շատ ավելի լավ պայմաններով»:
Նա անընդունելի համարեց փաստարկը, թե եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի, մեկ ուրիշը կվաճառի. «Դա հարցի պատասխան չէ: Մենք այդ հարցը կբարձրացնենք, երբ դա կլինի օրակարգում»:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում այդ հարցի լուծումը՝ հաշվի առնելով ՌԴ դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա խնդիր է, որ պետք է լուծում ստանա: Պատկերացրեք հակառակը, որ Հայաստանը զենք վաճառեր մի երկրի, որը խնդիրներ ունի, ասենք, Ռուսաստանի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանար: Մենք արձանագրում ենք, որ խնդիրը կա, որը մեզ անհանգստացնում է, մենք փորձում ենք լուծումներ գտնել, ոչ թե ինչ-որ լոզունգներով առաջնորդվել»:
Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել. «Դրա հետ կապված նույնիսկ խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»: