Ճապոնիայում կարծում են, թե ԱՄՆ պարաշուտային վարժանքները խախտում են երկկողմ պայմանավորվածությունները
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն ամերիկյան պարաշուտա-դեսանտային զորավարժությունները Կադենում (Օկինավա հարավային կղզում) ԱՄՆ ՌՕՈւ ռազմակայանի սահմաններում համարում է երկկողմ պայմանավորվածությունների խախտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, պայմանավորվածություններում բացառություններ լինում են,- ուրբաթ, կառավարության նիստից հետո, Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։- Բայց հիմա տեղի է ունենում նման հնարավորության չարաշահում։ Դա պայմանավորվածությունների խախտում է»։
Դեռեւս 1996 թվականին Վաշինգտոնը համաձայնեց պարաշուտային վարժանքներ անցկացնել Ճապոնիայում դրա համար հատուկ առանձնացված եւ սակավ բնակեցված Իե կղզում։ Բայց ԱՄՆ ռազմական իշխանությունները վերջին ժամանակներս կանոնավորապես հրաժարվում են դեսանտավորումն այնտեղ կատարել՝ վկայակոչելով վատ եղանակը։ Նրանք նախընտրում են այդպիսի վարժանքներ անցկացնել ամերիկացի զինվորականներին ավելի հարմար Կադենի բազայում, որը գտնվում է Օկինավա կղզու խիտ բնակեցված շրջանում։
Անցած երեքշաբթի Տոկիոն նորից խնդրեց ԱՄՆ-ին դադարեցնել այդ գործելաոճը։ Օկինավայի բնակչությունը չափազանց բացասաբար է վերաբերվում պարաշուտային վարժանքներին, որոնք ավելի վաղ քանիցս ուղեկցվել են տարբեր միջադեպերով։
Այդ կղզում է գտնվում Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների մակերեսի մոտ 70 տոկոսը, ներառյալ ԱՄՆ սահմաններից դուրս ամենամեծ ռազմակայանը Կադենում։ Օկինավայում է տեղակայված նաեւ ծովային հետեւակի դիվիզիան՝ արագ արձագանքման ուժերի կազմից։