«Մենք 30 տարվա ընկերներ ենք, այդպիսի բան չկա». Դավիթ Անանյանը՝ Ռաֆիկ Մաշադյանի խաղադրույքներ անելու մասին
Ինչպես արդեն հաղորդել էինք, ՊԵԿ նախագահը լայնածավալ մամուլի ասուլիս էր հրավիրել այսօր:
«ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում եմ 1988 թվականի սեպտեմբեր 1-ից. մենք 30 տարվա ընկերներ են ք եւ պատկերացրեք, իր՝ խաղադրույք կատարելու կամ չկատարելու վերաբերյալ մենք չենք էլ զրուցել, որովհետեւ ես գիտեմ, որ այդպիսի բան չկա»,- նշեց Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Ռաֆիկ Մաշադյանը հայտնի խաղադրույքներ անող է բուքմեյքերական ընկերություններում:
«Իսկ ցանկացած անձ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե այդ խաղադրույք կատարելը չի դառնում հիվանդություն: Քանի դեռ իր պաշտոնեական ծառայությունները կատարելի չի վտանգվում, մենք ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույքներ կատարել:
Դուք գիտե՞ք այդպիսի օրենք, որով պետական ծառայողին արգելվում է խաղադրույք կատարել: Ես այդպիսի օրենք չգիտեմ, եթե դուք գիտեք, ինձ ասեք, ես հանդես կգամ եւ կարգելեմ հարկային եւ մաքսային ծառայողներից այդպիսի բաներից: Բայց եթե կա անձ, որը խաղադրույք է կատարում եւ դրա ընթացքում պարբերաբար պարտվում է եւ զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ կարող է վտանգվել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»,-հայտարարեց Անանյանը:
Անդրադառնալով պարգևավճարների շուրջ աղմուկներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ ՊԵԿ-ում պարգևավճարներ վճարվել են, վճարվում են և վճարվելու են:
«Ամեն ամիս բաժնի պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգի համապատասխան 0,3-1,3 գործակցի շրջանակներում գնահատում են բոլոր աշխատողների աշխատանքը: Ընդ որում գնահատվում են նաեւ անձնական որակները, որը ընդհանուր գնահատականի 30 տոկոսն է: Դա ներկայացվում է ՊԵԿ նախագահին եւ նա ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներմուծմանը, հոկտեմբերի 14-ի դրությամբ, այս տարի շուրջ 114 հազար ավտոմեքենա է ներմուծվել, նախորդ տարվա համեմատ 60-63 հազարով ավել մեքենա է եկել Հայաստան: «Գանձվել է մոտ 51 մլրդ դրամ գումար, որը նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի դրությամբ եղած թվից 27 մլրդ դրամով ավել է»,-ասաց Անանյանը: