Մանվել Գրիգորյանի պաշտպանը հերթական անգամ միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել նրան. Մանվել Գրիգորյանը կրկին չէր մասնակցում նիստին
4-5 ամիս է նախագահող դատավորն ամեն ինչ անում է, որ Մանվել Գրիգորյանի գործը չքննվի ողջամիտ ժամկետներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Վերջինս հերթական անգամ միջնորդեց դատարանին՝ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ գրավի գումարը սահմանելով մինչեւ 5 մլն դրամը։
«Տասնյակից ավելի դատական նիստեր են տեղի ունեցել, որտեղ Գրիգորյանի մասնակցությունը չի ապահովվել։ Նման պայմաններում խոսք լինել չի կարող անձին կալանքի տակ պահելու մասին։ Այս ամիսների ընթացքում ներկայացված բժշկական փաստաթղթերը փաստում են, որ կալանք կրելու ընթացքում Գրիգորյանի հիվանդությունները բացասական դինամիկա են արձանագրել։ Նման պայմաններում անձի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում։ Այսօր նժարին դրված է անձի առողջությունը եւ պետք չէ բժիշկ լինել, տեսնելու համար, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է»,–հայտարարեց պաշտպանը՝ միջնորդելով փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով։
Անդրադառնալով ներկայացված միջնորդությանը, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն արձանագրեց, որ միջնորդությունը չի տարբերվում նախորդ դատական նիստերում ներկայացված միջնորդություններից, հիմքերը նույնն են, ինչի պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման։
Այսպիսով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։