Նոր օրինագիծ գրպանահատության վերաբերյալ. այլևս պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած իր նիստում, դրական եզրակացություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին:
Օրինագիծը հանձնաժողովւմ ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
«Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն` այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ, այսինքն` հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն` այս դեպքում բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,- ասաց Վարդապետյանը:
Նրա խոսքով, նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: