Լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրում սննդամթերքը դուրս է գրվել, բայց երեխաներին չի բաշխվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերեւույթ հատկանիշներ:
Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի եւ մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար: