Ցլիկ գողացած տղամարդիկ ներկայացել են ոստիկանություն, ներկայացրել ավտոմեքենան՝ գողոնի հետ
Օգոստոսի 11-ին Սայաթ-Նովա գյուղից գողացված ցլիկը վերադարձվել է տիրոջը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 11-ին, ժամը 13։33-ին, ոստիկանության Մասիսի բաժնում Այնթապ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ առավոտյան ոմն Արո Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում գտնվող, իր վարձակալած արոտավայրի ցանկապատը բացել եւ գողացել է իր ցլիկը՝ պատճառելով մոտ 600.000 դրամի վնաս:
Պարզվել է, որ Արոն Մրգավետ գյուղի 52-ամյա բնակիչն է, ով 48-ամյա եղբոր եւ նույն գյուղի 44-ամյա մի բնակչի հետ գողացել է ցլիկը, որը հետո նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ «ԳԱԶԵԼ-3302» մակնիշի բեռնատարով այն տեղափոխել է Արոյի տուն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նշված տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին եւ ներկայացրել ավտոմեքենան՝ գողոնի հետ: Ցլիկը վերադարձվել է տիրոջը: