«Օրենքով գող» Մերաբ Քալաշովի խոշտանգման փաստով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Հուլիսի 5–ին իր կամքին հակառակ Հայաստանից Ֆրանսիային արտահանձնված 44–ամյա «օրենքով գող» Մերաբ Քալաշովի խոշտանգման և պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Քալաշովի խոշտանգման փաստի վերաբերյալ նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը դեռևս հուլիսի 5–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն այդպես էլ հետաքննիչները չէին եկել և չէին արձանագրել Քալաշովի վրա առկա վնասվածքները։ Այնուհետև պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։
2018թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում էր կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:
Քալաշովի պաշտպանները բողոքարկել են ինչպես նրան կալանավորելու, այնպես էլ նրան հանձնելու որոշումը։