Հարրի Փոթերի մասին 1 ֆունտով գնված գիրքը աճուրդում վաճառվել է 28,5 հազար ֆունտ սթերլինգով
Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը, որը հրատարակելիս մի քանի սխալներով է տպագրվել, Անգլիայում աճուրդում վաճառվել է 28,5 հազար ֆունտ սթերլինգով (35 հազար դոլար): Sky News-ը հայտնում է, որ վաճառքն անցկացրել է Hansons Auctioneers աճուրդի տունը, որը կազմակերպվել էր չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին նշվող Հարրի Փոթերի, ինչպես նաեւ ֆանտաստիկ սագայի հեղինակ Ջոան Ռոուլինգի ծննդյան օրվան նվիրված:
Խոսքը 1997 թվականին «Հարիի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության մասին է. դա մոգ տղայի մասին գրքերի շարքի առաջին վեպն է: Bloomsbury հրատարակչատան տպագրած 500 գրքից կազմված շարքում այս հատորը պարունակում է միանգամից մի քանի սխալներ: Մասնավորապես՝ շապիկի դիմային մասում վերնագրում «փիլիսոփայական» բառը ճիշտ է գրված, իսկ շապիկի հակառակ կողմում բաց է թողնված «ո» տառը:
Դրանից բացի, 53-րդ էջում իրերի ցուցակում, որոնք պետք է ունենան Հոգվարթս կախարդության եւ մոգության դպրոցի բոլոր աշակերտները, 2 անգամ է հիշատակվում կախարդական փայտիկը, իսկ հեղինակը նշված է որպես Ջոան, այլ ոչ թե Ջեյ Կեյ Ռոուլինգ (J. K. Rowling), ինչպես մնացյալ բոլոր գրքերում:
Գրքի նախկին տերը՝ 54-ամյա գրասենյակային աշխատողը, նախընտրել է իր անունը չհայտնել: Նա գիրքը ձեռք է բերել մոտ 20 տարի առաջ 1 ֆունտ սթերլինգով բուկինիստական վաճառակետում: «Ես չեմ կարողանում դրան հավատալ: Ես նման արդյունքի հույս ունեի, չնայած իրականում երբեք չէի հավատում, որ իմ գիրքը կարող է այդ գնին հասնել»,- ասել է նա:
Մարտին Հարրի Փոթերի մասին սխալներով առաջին շարքի գրքերից մեկը Լոնդոնում աճուրդում վաճառվել էր 68,8 հազար ֆունտ սթերլինգով (91 հազար դոլար): Հրատարակությունը նախկինում պատկանում էր Ռոուլինգի առաջին գրական գործակալին: