Գիտնականների մշակումը կարող է փոխարինել համրերի ձայնալարերին
Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականները մշակել են WAGT յուրահատուկ համակարգ, որը վերարտադրում է խոսքը՝ ըստ կոկորդի շարժումների: WAGT-ը վերծանվում է որպես wearable artificial graphene throat («կրվող արհեստական գրաֆենային կոկորդ»), եւ արտաքուստ նման է մանրաչափ պիտակի (1,5 × 3 սմ):
ACS Nano ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ սարքի զգայուն մասը պատրաստված է պոլիվինիլային սպիրտի թաղանթից եւ մաշկին սոսնձվում է սովորական ջրով: Լարերի միջոցով այն միացած է ոչ մեծ սարքին, որը զուգակցում է միկրոհամակարգիչ, ուժեղացուցիչ եւ դեկոդեր: Ուշագրավ է, որ պիտակը գործում է նաեւ որպես բարձրախոս՝ 2 մմ հեռավորությամբ գեներացնելով 75 դեցիբել:
Մեխանիզմի աշխատանքը պարզ է. համակարգը հաշվում է կոկորդի շարժումները, որոնք մարդը կատարում է բառեր արտաբերելիս, եւ այնուհետեւ վերարտադրում է ձայնային ձեւաչափով:
Սարքի միջոցով առայժմ հաջողվել է «հնչեցնել» առանձին բառեր եւ կարճ արտահայտություններ, սակայն գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները՝ ավելի զգալի արդյունքի հասնելու համար: