Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ այսօր՝ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության եւ զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաեւ մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» եւ «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր: Զորավարժություններին մասնակցում են նաեւ հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ: