Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր, իսկ այգուց փախել են 30 գիշատիչներ՝ արջեր, գայլեր, առյուծներ, վագրեր
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով առնվազն տասնմեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Վրացական իրավապահները տեղական ԶԼՄ-ներին հայտնել են երկու կանանց մահվան մասին, որոնց մարմինները հայտնաբերել են հեղեղված տանը։
Տարերքի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, հեղեղվել է կենդանաբանական այգին։
«Ռուսթավի-2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սպանվել են գազանանոցից փախած կենդանիների մի մասը՝ առյուծներ և գայլեր։ Հեղեղից հետո այգուց փախել էր 30 գիշատիչ։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ որոնում են վեց առյուծների, վեց վագրերի, յոթ արջերի և 13 գայլերի։ Քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել չլքել տները,ք անի դեռ բոլոր կենդանիներին չեն բռնել։
Չնայած դրան, բակերից մեկում ականատեսները նկատել են նաև կոկորդիլոս և փիղ։ Փրկարար ծառայությունը և զինված ուժերն աշխատում են այն վայրերում, որտեղ արտակարգ իրավիճակ է։
Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Հեռուստաընկերությունը ուղիղ եթերով հեռարձակել է գետաձիուն վնասազերծման ողջ ընթացքը։ Գետաձին հայտնվել է Հերոսների հրապարակի խոտածածկ տարածքում։