Երբ Պեկինում հսկայական միջոցառում էր տեղի ունենում, բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում խորոված էին անում. Խաչատրյան
44–օրյա պատերազմում դիվանագիտական լռությունը վկայում է, որ մեր դիվանագիտությունը խնդիրներ ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դիվանագետները Հայաստանին ագրեսոր էին համարում։ Շատ հեռու չգնանք, չվերադառնանք 44–օրյա պատերազմ, ընդամենը շաբաթներ առաջ, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները այցելեցին Շուշի, ընդ որում այնտեղ կային այն երկրների դիվանագետները, ում մենք տրադիցիոն համարում ենք բարեկամ, երկրներ, որոնց 1000–1500 տարի համարում էինք բարեկամ, ուրեմն ինչ–որ բան փոխվեց չէ՞։ Գուցե մենք էլ դրանում ինչ–որ պատասխանատվություն ունենք, ոչ թե միայն Ադրբեջանն է մեղավորը։ Չինաստանին, որին համարում ենք մեզ բարեկամ, այդ երկրի դեսպանը գնացել էր Շուշի, ինչո՞ւ, եկեք վերադառնանք 2019թ., երբ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային հսկայական միջոցառումն էր տեղի ունենում, թարսի նման չինացիները այդ միջոցառումը նշանակեցին այն օրը, երբ Հայաստանում նշվում էր Քաղաքացու օրը եւ հայաստանյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չգնաց Պեկին, այլ խորոված էին անում Երեւանում»,– նշեց Խաչատրյանը։
Դիվանագիտական մեկ այլ ձախողման օրինակ ըստ Խաչատրյանի՝ պատերազմից հետո ԱԳՆ–ում ստեղծված իրավիճակն է. նախ հրաժարական տվեց Զոհրաբ Մնացականյանը, ապա Արա Այվազյանը, եւ արդեն երկու ամսից ավել է՝ ԱԳՆ–ն ղեկավար չունի։
«Այսօր սա ցույց չի՞ տալիս, որ մենք խնդիրներ ունենք»,– ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ երբեք միջազգային հանրությունը այդքան ձեռնպահ չէր մնացել Ղարաբաղյան հակամարտությունից, ինչպես 44– օրյա պատերազմի ժամանակ։