Երևանի փողոցներում վրացական համարանիշներով մեքենաների վարորդները «օրենքից դուրս» են, վարում են ինչպես ցանկանան
«Ժողովուրդ»-ը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից այն մասին, որ Երևանի փողոցները «լցվել են» ռուսական համարանիշներ կրող ավտոմեքենաներով, որոնց վարորդները ավտոմեքենաները վարում են, ինչպես ցանկանում են, քանի որ տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումները նրանք չեն վճարում։ Վարորդների պատմելով՝ այդ «օրենքից դուրս» ավտոմեքենաների պատճառով երթևեկության ընթացքում պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում։
Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի հետ, ով ասաց. «ՃՈ-ն տեղյակ է իրավիճակից, և վրացական, և ռուսական պետհամարանիշներով կան նաև տեղացի վարորդներ, որոնք փոխած պետհամարանիշներով են վարում մեքենաները։ Այդ կապակցությամբ անցկացվում են համապատասխան ստուգայցեր, ստուգվում են մեքենաները և տարվում են տուգանային հրապարակ։ Համապատասխան տուգանքներ կան»։ Հակոբյանը հաստատեց, որ տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների համար օտարերկրացի վարորդներից գանձումներ չեն կատարվում։ «Աշխատանքներ տարվում են, այս պահին դեռ այդ համակարգը չի գործում, որպեսզի հետագայում նրանք ևս, ինչպես ՀՀ քաղաքացիները, համապատասխան կարգով տուգանվեն»,-ասաց Հակոբյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ը թերթի այսօրվա համարում։