Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը. Ավինյան

Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին: