ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գերադասում է իրանական միջուկային խնդրին դիվանագիտական լուծում տալ և չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ, սակայն պատրաստ է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի։
Այս մասին Մարկո Ռուբիոն հայտարարել է The Free Press-ին տված հարցազրույցում։
«Մենք պատերազմ չենք ցանկանում: Նախագահը (խմբ․ նկատի է առնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը), ինչպես նա հստակեցրեց, մտադիր չէր սկսել այն: Իրանը միջուկային զենք չի ստանա, և նա (խմբ․ Դոնալդ Թրամփը) իրեն իրավունք է վերապահում կանխել դա, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Մարկո Ռուբիոն The Free Press-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տունը դեռ բանակցային կարգավորման հույս ունի։
«Նախագահ Թրամփը կնախընտրեր, որ դա չվերաբերի ուժի կիրառմանը` ոչ մեր կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից: Մենք հույս ունենք, որ դա կարող է լուծվել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Ռուբիոն։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները պայմանավորվել են փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունների նոր փուլ մեկնարկել, որը կանցկացվի ապրիլի 23-ին Օմանում։
Իրանական Tasnim գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի և ԱՄՆ միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլն ավարտվել է ապրիլի 19-ի կեսօրին։ Երկու կողմերի պատվիրակությունները՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի գլխավորությամբ, բանակցություններ են վարել Հռոմում՝ Օմանի դեսպանի նստավայրում։
Կողմերի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Օմանում։