Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։
Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում նրանց գաղափարները տարածելը կպատժվի օրենքով», - նախազգուշացրել Է Ֆարայան:
Ապրիլի 15-ին Հորդանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դավադրություն է կանխել՝ ձերբակալելով 16 մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու, զենք պահելու և օտարերկրյա կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար։
Հորդանանում «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը «Իսլամական գործողությունների ճակատն» է, որի կողմնակիցները երկրի խորհրդարանում զբաղեցնում են 31 տեղ։