Եթե Վարդան Ղուկասյանը մնաց իշխանության, ԱԺ ընտրություններին ՔՊ-ն 10% ձայն չի հավաքելու Գյումրիում. Աղազարյան
Ես կարծում եմ, որ ցանկացած վանաձորյան տիպի միջամտություն Գյումրիում արդյունքի չի հասնի, որովհետև Վարդան Ղուկասյանը դրան պատրաստ է եղել և պատրաստ է ի պատիվ իրեն. Եթե այդպիսի բան անի իշխանությունը, ավելի կվատթարացնի իր վիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
«Ընդհանրապես ժողովրդավարության տեսանկյունից ի՞նչ սարսափելի բան է տեղի ունեցել, այն գյումրեցին, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ, Վարդան Պուկասյանին էլ ընտրել է քաղաքապետ։ Երկուսն էլ պարտավոր են աշխատել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով, թող աշխատեն:
Թող Վարդան Ղուկասյանի շրջապատը ամեն վայրկյան իմանա, որ եթե մի հատ սխալ քայլ արեց, ապա իր լիդերին՝ Վարդան Ղուկասյանին դնելու է ծանր իրավիճակի մեջ, հետևաբար կաշխատի 10 անգամ ավելի զգոն, 10 անգամ ավելի մաքուր: Դրանից կշահի գյումրեցին: Թող իշխանությունները հաշվի առնեն իրենց թույլ տված սխալները, այդ սխալները ուղղելով առաջ գնա, որից էլի պետությունը կշահի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ Գյումրիում քաղաքական ճգնաժամ է եւ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, Հովիկ Աղազարյանն ասաց. «Սարիկ Մինասյանն այդքան քաղաքական և մարդկային քաշ չունի, որ ճգնաժամ առաջացնի: Իր 14 հոգուց մի քանի հոգի աշխատելու են Վարդան Ղուկասյանի հետ հանուն Գյումրի քաղաքի»:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանն անխոչընդոտ կառավարելու է Գյումրին. «Եթե նույնիսկ ինքը ձերբակալվի, կալանավորվի, միևնույն է՝ իր թիմը աշխատելու է: Ես դրանով ավելի քան վստահ եմ:
Եթե Վարդան Ղուկասյանը մնաց իշխանության, համապետական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն 10% ձայն չի հավաքելու Գյումրիում և այդ ողջ տարածաշրջանում, դա ակնհայտ է: Հետևաբար իրենք կարող է մտածեն, այնպես անեն, որ փոխեն այդ իրավիճակը, բայց կարող է դա էլ ավելի բացասական էֆեկտի բերի: Ոնց էլ անեն՝ սխալ է, որովհետև սխալ ճանապարհը տաճար չի տանում»: