Վարորդի կողմից կոպիտ վերաբերմունքի արժանացած պապիկը ստացել է հանրային տրանսպորտի տարեկան անվճար փաթեթ

Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։ Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով։ Այդ մասին ասված է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի Ֆեյսբուքի էջում:
«Մենք գտանք այդ մարդուն, և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։
Շնորհակալություն Էրեբունի վարչական շրջան-ի ղեկավար` Հակոբ Բալայանին, այս հարցն արագ և պատշաճ լուծելու համար:
Հարգելի քաղաքացիներ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները։
Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար»,- նշված է գրառման մեջ։