Հատիս լեռան լանջին մեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Այս պահին փորձում են ձնակույտում հայտնված ավտոմեքենաները հատուկ ճոպանների միջոցով և փրկարարական հատուկ տեխնիկայով դուրս բերել անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։