10 մարդ է զոհվել ԱՄՆ-ում սաստիկ ջրհեղեղից

ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգում փոթորկի և սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ մայրը և իր յոթ տարեկան երեխան։ Եվս մեկ մարդ զոհվել է Ջորջիայի Ատլանտա քաղաքում։ Հարյուրավոր մարդիկ փրկության կարիք ունեն, հայտնում է Sky News-ը։
Ըստ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրի՝ սա եղանակային «ամենալուրջ պայմաններից մեկն է», որին նահանգն առնչվել է առնվազն մեկ տասնամյակի ընթացքում։ Նա հավելել է, որ մահվան դեպքերի մեծամասնությունն առաջացել է մեքենաների՝ ջրի տակ մնալու պատճառով։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել աղետների հետևանքով տուժածների օգնության ֆինանսավորման խնդրանքին», - ասել է Բեշիրը։
Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ատլանտայի հրշեջ փրկարարական ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ քաղաքում մեկ մարդ է զոհվել հսկայական ծառի՝ տան վրա ընկնելու հետևանքով։
Կենտուկիում փոթորիկների հետևանքով մոտ 39 000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ սաստիկ քամիները կարող են ավելի շատ անջատումների պատճառ դառնալ:
Հանգստյան օրերին Կենտուկիի և Թենեսիի որոշ հատվածներում տեղացել է մինչև 15 սմ անձրև։ Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ի մեծ մասում ներկայումս սպասվում է ձմեռային անբարենպաստ եղանակ: