Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել

Արդեն 4 օր է Կոտայքի մարզի պարեկները խնամում են վթարի հետևանքով, աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները արդեն 4 օր է ֆերմաներից խոտ են գնում, կերակրում են ձիուն, քանի որ այն գտնվում է անօգնական վիճակում, չի կարողանում անգամ տեղաշարժվել։
Արդեն մի քանի օր է՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չեն կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանան թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել է և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է նաև Երևանի Կենդանաբանական այգուն, բնապահպաններին, կենդանասերներին, որպեսզի օգնեն փրկել ձիու կյանքը։