Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին ինքն իրեն պարգևատրել է 650 000 դրամով
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգևատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին «Առավոտը» տեղեկացավ համալսարանի աշխատակիցներից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասաց պոլիտեխնիկցիներից մեկը:
Մյուսների պատմելով, դեռևս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում' նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաեւ նշել էր, որ չի պատրաստվում պարգեւատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որևէ գնահատանքի չի արժանացել: Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կոլեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27-ին է արձակել մի հրաման, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճարում 650 000 դրամի չափով, ինչը հարուցել է պոլիտեխնիկցիների տարակուսանքը: Ռեկտորի հավելյալ աշխատավարձի մասին վերջիններս տեղեկացել են դեկտեմբերի 30-ին՝ ստանալով ռեկտորի համապատասխան հրամանի պատճենը՝ իրենց էլեկտրոնային հասցեների վրա:
«Առավոտը» կապվեց նաև Պոլիտեխնիկի ռեկտոր պարոն Ավետիսյանի հետ: Նա պարզաբանեց, որ կան միջազգային գրանտային ծրագրեր, և երբ տարին ամփոփվում է, աշխատանքային խմբի անդամներին ըստ աշխատանքի ՝ վճարում են։ Ռեկտորը կարծիք հայտնեց, թե իր հասցեին ուղղված դժգոհությունները ոչ թե ողջ կոլեկտիվից են, այլ մի քանի հոգուց, որոնք նրա ձևակերպմամբ, բանսարկությամբ են զբաղված»։
Առավել մանրամասն' «Առավոտ» թերթի այսօրվա համարում: