Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։