Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

Գործակալությունը հրապարակել է նախագահական վարչակազմի հասցեին քննադատական զեկույց։
Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով պաշտոնանկության տեքստին:
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», - ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Փետրվարի 10-ին ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչի գրասենյակը հաշվետվություն էր հրապարակել, որտեղ ներկայացվել են USAID-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի գործողությունների բացասական հետևանքները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստվում է գործակալությունը «վերևից ներքև» ստուգել՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը, քանի որ USAID-ն իր միջոցները ծախսել է «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով՝ վերագնահատումից հետո առանձին դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։