ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի 37-րդ նիստին
Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (МААН) 37-րդ նիստը, որը միավորում է 27 երկրների ակադեմիաներ և գիտական կառույցներ։ Այն նվիրված էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հարցով ՀՀ ԳԱԱ փորձագետ Գևորգ Վարդանյանը:
Ռուբեն Հարությունյանը, հանդիսանալով МААН-ի Ազգային բնական ժառանգության գիտական խորհրդի համանախագահ, ներկայացրեց «Ազգային բնական ժառանգության հայեցակարգը կլիմայի փոփոխության համատեքստում» զեկույցը МААН-ի Ազգային բնական արժեքի գիտական խորհրդի նիստին: Գևորգ Վարդանյանը մասնակցեց МААН-ի Երիտասարդ գիտնականների խորհրդի նիստին որպես խորհրդի համանախագահ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հաշվետվությունները և հետագա համագործակցության ծրագրերը։ Շեշտվեց միջազգային համագործակցության կարևորությունը գիտության ոլորտում։
МААН-ն ունի 32 իսկական անդամ։ Հայաստանից МААН իսկական անդամներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը (ընտրվել է 2019թ.) և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը (ընտրվել է 2021թ.)։ ՀՀ ԳԱԱ-ն МААН անդամ է ասոցիացիայի հիմնադրման՝ 1993 թվականից։
МААН հաջորդ հանդիպումը կանցկացվի 2025 թվականին՝ Մինսկում»։