Ֆրանսիայի վարչապետը կառավարության կազմի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ է անցկացրել
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն շարունակում է հանդիպումները քաղաքական գործիչների հետ՝ փորձելով որոշել նոր կառավարության կազմը, հաղորդել է BFM TV-ն։
Երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին, Բարնիեն իր նստավայրում ընդունել է LIOT խմբակցության ներկայացուցիչներին (անկախ պատգամավորներ և անդրծովյան տարածքների ներկայացուցիչներ):
Երկուշաբթի ավելի վաղ Ելիսեյան պալատում վարչապետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ուրբաթ Բարնիեն հանդիպել է «Հանրապետականներ» կուսակցության և նախագահական ուժերի «Միասին» դաշինքի ներկայացուցիչների հետ։
Նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն ներկայացնում է աջակողմյան «Հանրապետական» կուսակցությունը։ Նա նշել է, որ իր կառավարությունում կընդգրկվեն ոչ միայն աջակողմյան, այլև ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում՝ ձախակողմյան ֆրանսիական կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր չեն համագործակցել Բարնիեի հետ։
Հաջողությամբ աշխատելու համար նախարարների կաբինետը խորհրդարանում պետք է ստանա Մակրոնի կողմնակիցների, «Հանրապետականների» պատգամավորների, ինչպես նաև ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության աջակցությունը: