Եվրամիությունն ուսումնասիրում է Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու մասին տեղեկությունները
Եվրամիությունը «Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման վերաբերյալ դաշնակիցների կողմից տրամադրված հավաստի տեղեկատվություն ունի»։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Մենք ԵՄ անդամ երկրների հետ միասին ուսումնասիրում ենք այս տեղեկությունը, և եթե այն հաստատվի, Եվրամիությունը Իրանին կպատասխանի արագ ու միջազգային գործընկերների հետ համակարգված, այդ թվում՝ նոր և նշանակալի սահմանափակող միջոցներով»,- նախազգուշացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մոսկվային հրթիռներ փոխանցելու մեղադրանքները։ Իրանը երբեք չի եղել ռուս-ուկրաինական հակամարտության մաս՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ հավելելով, որ Թեհրանը միշտ աջակցել է ճգնաժամի քաղաքական լուծմանը։ ԱԳՆ խոսնակը պնդել է, որ Թեհրանը դեմ է պատերազմին, աջակցում է քաղաքական ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների լուծմանն ու պատերազմի դադարեցմանը։