«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին անհայտ ուղղությամբ։
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել էին, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է և կար վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված էին եղել նրանց ընտանիքին։
Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ առևանգվածը եղել էր իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել էր նստել ավտոմեքենան, առևանգողները, ովքեր նույնպես եղել էին «BMW»-ով, մոտեցել ու նրան առևանգել էին։
Նշված լողավազանի տարածքում հայտնաբերվել էր առևանգվածի «BMW X5»-ը։