Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ կա զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում հայտնի՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վլադիմիր Մանուկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղուց դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող հատվածում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է դարձել և այս տարի, այս հատվածում 10-ից ավելի ավտովթարներ են տեղի ունեցել, որից 5-ը ողբերգական ավարտ է ունեցել, իսկ Երևանի քաղաքապետարանը, ճանապարհը կառուցող ընկերությունը ոչ մի անգամ հետևություն չեն անում, որպեսզի քննարկեն մասնագետների հետ, հասկանան ինչն է խնդիրը (ոչ միայն վարորդների կողմից արագության գերազանցում) և հրատապ դրա դեմն առնեն, հակառակ դեպքում վթարները նշված հատվածում, ցավոք այդ թվում ողբերգական ավարտ կունենան։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։