Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները՝ գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ ուղղություններով
Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ՄԿՈՒ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:
Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը: Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին է փոխանցել ՀՀ կառավարության հաշվետվությունը Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի գնահատման վերաբերյալ: Անդրադարձ է եղել հնարավոր աջակցությանը ինչպես հումանիտար իրավիճակներին արձագանքման, այնպես էլ կարողությունների զարգացման, օրինակ՝ կամուրջների նախագծման, կլիմայի փոփոխությունների հետևանքով անհրաժեշտ տվյալների վերլուծության և համապատասխան քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների համատեքստում Հայաստանը կարիք ունի լրացուցիչ հետազոտական կարողությունների զարգացման: