Շոտլանդացի ֆուտբոլասերները Մյունխենի սրճարաններից մեկում խմել են ամբողջ գարեջուրը
Այսօր Գերմանիայում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Առաջին հանդիպումը Երևանի ժամանակով 23:00-ին Մյունխենում կանցկացնեն Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները: Ընդհանուր առմամբ, մրցաշարին սպասվում է մինչև 200,000 շոտլանդացի երկրպագու, փոխանցում է Tert.am-ը։
Հինգշաբթի նրանք գրոհել են Բավարիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բոլոր գարեջրասրահները։ Կապույտ և սպիտակ համազգեստով հազարավոր մարդիկ հավաքվել են Մարիենպլաց հրապարակի բարերում, ինչպես նաև Անգլիական այգու գարեջրի այգիներում։
Մարիենպլացում գտնվող Woerner's սրճարանում շոտլանդացիների ներհոսքի պատճառով գարեջրի ամբողջ պաշարը սպառվել է, գրում է բրիտանական The Sun թերթը։
Զվարճանքը շարունակվել է մինչև ուշ գիշեր և ավարտվել խաղաղ՝ ոստիկանների հետ ծեծկռտուք կամ բախում չի եղել։
2021 թվականին շոտլանդացի երկրպագուները Բելգիայում մրցանակ են ստացել ամենակարգապահը լինելու համար։