Ծնելիության մակարդակը ՀՀ-ում. ցուցանիշներն ու պարզաբանումները ներկայացնում է մասնագետը
Ծնելիության ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում բավական լավ տեղ է զբաղեցնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով' այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 1,9 տոկոսով նվազել է ծնելիության թիվը, և 3 տոկոսով նվազել են մահվան դեպքերը: 1000 բնակչի հաշվով մեր բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5 տոկոսով: Այս տարի գրանցվել է 30. 400 ծնունդ է' յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա:
Կարինե Կույումբջյանն անդրադառնալով մարզերին նշեց, որ մարզերի կտրվածքով ծնելիության գործակիցը հանրապետության միջին մակարդակից բարձր է եղել Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում, որից հետո Վայոց Ձորի և Տավուշի մարզերում:
Բանախոսն՝ անդրադառնալով ամուսնություններին, նշեց, որ գրանցված ամուսնությունների թիվը նվազել է մոտ 2,6 տոկոսով: Ծնունդների հիմնական մասնաբաժինը 20-29 տարեկան կանանց է բաժին ընկնում: