Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Հայաստանի ժուռնալիստների միությունից տեղեկացնում են, որ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը․
«Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին:
«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):
Կամակերպությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում կհրապարակվի նաև EFJ-ի ամբողջական հայտարարությունը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության փաստի կապակցությամբ»:
Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։