Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, ցավալի է՝ այսքան խոսում ենք իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի լինում․ բնապահպան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, կոմբինատի նախկին աշխատակից Արթուր Մովսիսյանը։
«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ արդյունահանման ծավալները մեծացել են և հաշվի չի առնվում, որ ձորերում էլ տեղ չկա թափելու ու կուտակելու այդ պոչանքները, իսկ սեփականատերերը շահույթի մարդիկ են։ Ձորերում տեղ չկա, Արծվանիկի պոչամբարը անկայուն վիճակում է»,- նշեց նա։
Նա նկատեց, որ երբ բնապահպանները, մասնագետները խոսում են բնապահպանական խնդիրների մասին, որ գետերը, ջուրը, օդը աղտոտվում է տարբեր կողմերից սկսում են «հարձակվել» իրենց վրա, թե թուրքերի ու ադրբեջանցիների մասին են մտածում, առանց հասկանալու, որ Ողջի գետը մինչև Կասպից ծով է գնում և եթե դու քո մասին մտածում ես, ուզես չուզես նաև մտածում ես հարևանների մասին։
«Այդ պոչամբարից փոշիներ առաջանո՞ւմ են, իհարկե, առաջանում են, պոչամբարների մնացորդները, որոնք չեն օգտագործվել ֆաբրիկայում ծանր մետաղներ են, մոտ 70 անուն մետաղի մասին է խոսքը, դրանք փոխանցվում են օրգանիզմ, բույսերի մեջ, սննդի տեսքով է գալիս, ամենավատը շնչառական օրգաններն են վնասվում։ Ռադոն գազ է առաջանում Կապանի հանքում այդ պայթյունների հետևանքով, բավականին լուրջ քանակությամբ արտանետվում է, մթնոլորտը կեղտոտվում է»,- ընդգծեց նա և հավելեց, որ գյուղատնտեսությանն է մեծ վնաս հասցվում։
Ըստ նրա՝ ցավալին այն է, որ այսքան խոսում ենք իշխանությունների կողմից բացարձակապես ոչ մի արձագանք չի լինում:
«Հատկապես տեղական իշխանությունների, որոնք պետք է, որ մտահոգված լինեն, հետադարձ կապ բացարձակ բնակիչների հետ գոյություն չունի։ Արծվանիկի հարակից գյուղերը ճիշտ է որոշակի քանակի դրամահատույց են ստանում 40 հազար դրամ ամիսը, նախ դա ծիծաղելի գումար է, ապա միայն սկզբում էին նորմալ վճարում, հիմա քիչ են տալիս»,- ասաց նա։
Նա խնդրի լուծման համար առաջարկում է ներքին պոչամբար ստեղծել հենց Քաջարանում հենց հանքում։ «Արծվանիկի պոչամբարը պետք է չլինի, որովհետև դ շատ վտանգավոր է այդպես մնա։ Ողջի գետը չորացել է, Քաջարանում Ողջի գետ չկա, գոյություն չունի, չէ որ մարդկանց առողջության հետ կապված խնդիր է»,- շեշտեց Մովսիսյանը։