Բժիշկը սովորեցրել է տարբերել սրտի կաթվածը նմանատիպ ախտանիշներով հիվանդությունից
Որոշ դեպքերում սրտի սուր ինֆարկտը կարելի է շփոթել պանկրեատիտի նոպայի հետ, զգուշացրել է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Չիստյակովան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ բժշկական գիտությունների թեկնածուն Lenta.ru-ի հետ զրույցում սովորեցրել է տարբերել այս հիվանդությունները միմյանցից։
Ըստ Չիստյակովայի՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված ցավը սովորաբար առաջանում է որովայնի վերին հատվածում և կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը (ուս, թիակ), ինչը բնորոշ է նաև սրտի սուր ինֆարկտին։ Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ցավ կարող է առաջանալ նաև ստամոքսի հատվածում։
Նոպաների հիմնական տարբերությունն այն է, որ սուր ինֆարկտի ժամանակ ցավը տևում է մի քանի ժամ, սուր պանկրեատիտի դեպքում՝ մի քանի օր։
Նաև, շարունակել է բժիշկը, ինֆարկտի ժամանակ մեկանգամյա փսխում է առաջանում։ Պանկրեատիտի նոպայի ժամանակ մարդն անընդհատ փսխում է, դրան ավելանում են փորլուծությունն ու գազերը։
Ի վերջո, Չիստյակովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու հիվանդություններն էլ կարող են միաժամանակ զարգանալ։ Ուստի նոպաների առաջին նշանների դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, կատարել ԷՍԳ և հանձնել արյան և մեզի թեստեր: