Ադրբեջանը հայտարարել է Ռաշիդ Բեգլարյանի կալանավորման մասին․ ինչի՞ մեջ են մեղադրում նրան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախում այդ երկրի ուժայինները ևս մեկ հայի են ապօրինաբար կալանավորել։
Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, թե Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը մեղադրվում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու մեջ», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գերատեսչությունից պնդում են, թե Ռաշիդը մեղադրվում է նաև «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող գերի ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեջ»։
Տեղեկացվում է, որ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործով մի շարք անձինք տուժող են ճանաչվել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, արցախցին, իբր, «խոստովանել է, որ մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը 1992 թվականի փետրվարի 26-ին, իսկ քննչական գործողությունների ժամանակ մանրամասն պատմել է, թե որ վայրերում և ինչ գործողություններ է կատարել»։
Այնուհետ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երկար տեքստ է շարադրել՝ դա վերագրելով Բեգրյանի ինքնախոստովանական ցուցմունքներին։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց մեկ այլ արցախցի՝ Վագիֆ Խաչատրյանը, որին ևս, մեղադրանքներ էին առաջադրել «Խոջալուի դեպքերի համար»։