ՍԱՏՄ-ն կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Հագվի): Այս մասին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ըստ աղբյուրի՝ արտադրամասի սննդամթերքի արտադրության գործընթացում չեն իրականացվում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերման և կրծողների ոչնչացման աշխատանքներ, ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում, ինչպես նաև սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:
Նշվում է, որ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: