Էթնիկ զտումը միջազգային լրջագույն հանցագործություն է. ՀՀ ԱԺ պատգամավորը տեղեկություն է տրամադրել միջազգային գործընկերներին

Հայաստանի ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունների մասին:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանը Վարդանյանը տեղեկացրեց, որ էթնիկ զտման նպատակ հետապնդող գործողությունների վերաբերյալ լուր ստանալուց անմիջապես հետո համապատասխան նյութեր և դիրքորոշումներ է ուղարկել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի երկու համանախագահներին, գործընկերներին:
«Ան Լորանս Պետելը տեղեկացրել է, որ իմ ուղարկած տեսանյութերը և նկարներն ուղարկվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տեղեկացված են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի բոլոր անդամները»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորը նաև կապ է հաստատել ԵԽԽՎ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցության բյուրոյի հետ, բյուրոյի բոլոր անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ:
«Այդ տեղեկատվությունը քարտուղարությունը տարածել է բյուրոյի բոլոր անդամներին»,-ասաց նա:
Վարդանյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին ԵԽԽՎ լիագումար նիստում նախատեսված էր «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հրատապ քննարկում և համապատասխան բանաձևի ընդունում:
«Եվ այս գործողությունները, ըստ էության, Ադրբեջանի կողմից արվում են՝ այդ թվում տապապելու և փոխելու այն նարատիվը, որը կարող էր տեղի ունենալ ԵԽԽՎ-ում»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը կոչ արեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը, նաև մյուս բոլոր պատվիրակությունների անդամներին՝ անհապաղ տեղեկացնել գործընկերներին իրավիճակի լրջության մասին:
«Կոչ եմ անում տեղեկացնել այն մասին, որ էթնիկ զտումը պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այն միջազգային լրջագույն հանցագործություն է՝ ամենածանր քաղաքական հետևանքներով՝ պետությունների համար: Պետք է պահանջել և ստիպել, որ պետությունները համապատասխան արձագանք տան»,-ասաց Վարդանյանը: