Իր դռներն է բացել Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, կառույցի ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, բեռնափոխադրումներ, կահույքի արտադրություն, պոլիգրաֆիա և հրատարակչություն, սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն ու հանգիստ, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ։
«Ողջունելով այս տարվա իր բնույթով ամենամեծ ցուցահանդեսի մասնակիցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց Armenia EXPO 2023-ի կազմակերպումը, որտեղ գործարարները հնարավորություն ունեն հանդիպելու թե՛ իրենց գործընկերներին, թե՛ անմիջական սպառողներին, գործարար կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ։ Այն արտերկրի կազմակերպություններին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ հայկական ընկերություններին՝ ընդլայնել իրենց արտահանման շուկաները»,- ասվում է հաղորդագրության մեջ։