Վստահ ենք, որ դուրս կգանք խմբից. Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Նապոլիի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո (3:1) հայտարարել է, որ չի կասկածում խմբային փուլի հաջող ավարտին:
«Կարծում եմ՝ մենք հիասքանչ խաղ ցուցադրեցինք, իմ գործընկերներն ամեն ինչ հիասքանչ արեցին: Իհարկե, ես կուզենայի ինքս գոլ հեղինակել, բայց չստացվեց: Ես պետք է շարունակեմ աշխատել և չհանձնվեմ, ես պետք է ամեն ինչ անեմ իմ ուժերի սահմաններում, որպեսզի օգնեմ թիմին: Եվ ընդհանրապես՝ կապ չունի, թե գոլ խփեցի թե ոչ, կարևորը հաղթանակն էր:
Մենք շատ պահեր ունեցանք նույնիսկ 2:1 հաշվի ժամանակ, քանի որ «Նապոլիի» պաշտպանությունը բաց էր: Մենք հակահաարձակման հնարավորություն ունեինք, ինչն էլ օգտագործեցինք՝ խփելով երրորդ գոլը:
Մենք վստահ ենք, որ դուրս կգանք խմբից, չնայած «Մարսել»-ն ուժեղ մրցակից է: Կարևոր չէ, որ նրանք դեռ ոչ մի միավոր չեն հավաքել: Մեր դեմ խաղում նրանք փորձելու են դա անել: Ամեն դեպքում մենք գիտենք՝ ինչպես նրանց հետ խաղալ, կարծում եմ կհասնենք ցանկալի արդյունքի»,- ասել է Մխիթարյանը: