Վթարի ենթարկված մարզիկներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, արյան ու դեղորայքի պակաս չկա. Առողջապահության վարչության պետ
Արտաշատ-Գառնի ավտոճապարհին պատանի ըմբիշների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվելուց հետո նորից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
«Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։ Անձնակազմն աշխատում է, տուն չեն գնացել։ Դեղորայքի և արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում տարածվել է, միայն ալբումինի պակաս է եղել, բերել են, դա ընդունված կարգ է։ Ծայրահեղ ծանր է, սպասում ենք», - ասաց Կարապետյանը։
Արձագանքելով՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե ահավոր դեպք է տեղի ունեցել։
«Սա ևս մեկ անգամ գալիս է հիշեցնելու, որ Հայաստանում երթևեկության բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են։ Մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսվածից ավելի են եղել երեխաները, վստահ եմ՝ ամրակապված չեն եղել։ Այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է», - ասաց Ավինյանը։