Արյան դոնորի կարիք այս պահին չկա. արյուն հանձնողների թիվը մի քանի անգամ գերազանցել է կարիքը
Արյան դոնորի կարիք այս պահին չկա. արյուն հանձնողների թիվը մի քանի անգամ գերազանցել է կարիքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:
Երեկ ֆեդերացիան հայտարարություն էր տարածել այն մասին, որ վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 պատանի ըմբիշներին անհրաժեշտ է արյուն:
Հիշեցնենք՝ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին երեկ տեղի էր ունեցել ավտովթար: Բախվել էին Գառնի գյուղի 42-ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխա, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Նախնական տվյալներով երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։