Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին ահաբեկիչ Բրեյվիկի հետ է համեմատել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Նորվեգիայի կողմից Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը, նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։
Սաակաշվիլին Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակին արժանացել է մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար։
Ըստ վարչապետի՝ Սաակաշվիլիին մրցանակ շնորհելը ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ:
«Սա մոտավորապես նույնն է, ինչ որ` եթե մրցանակը տրվի Բրեյվիկին, որը բազմաթիվ մարդկանց է սպանել: Սաակաշվիլին հարյուրավոր երիտասարդների է սպանել»,- ասել է Ղարիբաշվիլին:
2011 թվականին Անդերս Բրեյվիկը պայթյուն է իրականացրել Օսլոյում և կրակ բացել Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում։ Զոհվել է 77, վիրավորվել՝ մոտ 150 մարդ։ Ահաբեկիչը խոստովանել է հանցանքը։ Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։