Մոտեցել է երիտասարդին և հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, հեռախոսը և փող

Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: