ԵՄ առաքելությունը ՀՀ համար կարևոր գործիք է խաղաղության գործընթացը հավելյալ կերպով ամրապնդելու համար. ԱԳ նախարար

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը երկրի համար ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի խաղաղության գործընթացին:
Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
«Նախ առաքելությունը քաղաքացիական է, երկրորդը՝ ՀՀ համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին»,-ասաց նախարարը:
Միրզոյանը տեղյակ է՝ հնչում են նաև մեկնաբանություններ, թե հայկական կողմը, այսպես ասած, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, ինչ-որ սադրանքներ է անում:
«Նախ՝ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում: Եվ երկրորդ՝ ԵՄ առաքելությունը ՀՀ-ի համար միայն ու միայն գործիք է, որը պետք է հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, տարածաշրջանում կայունությունը, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումն ու փոխանցումը ԵՄ գործընկերներին»,-ասաց Միրզոյանը:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է եկել փետրվարի 20-ին: