Վրաստանի նախկին վարչապետը մասնակցել է բողոքի ակցիային
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։
Նա լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չի տվել: Գախարիայի մամուլի գրասենյակից InterPressNews-ին հայտնել էին, որ նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։
Գախարիան արդեն լքել է Ռուսթավելի պողոտան։
Թբիլիսիի իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն երեկ լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։