Գերմանիան ցանկանում է «ընկերանալ» աֆրիկյան երկրների հետ՝ ի հեճուկս Չինաստանի
Գերմանիան մտադիր է մեծացնել աֆրիկյան երկրներում բիզնես ներդրումների պետական երաշխիքները, որոնք ուղղված են առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը եւ Չինաստանից անկախության բարձրացմանը, գրում է Bloomberg-ը։
«Կլինեն լրացուցիչ խթաններ ներդրումներ անելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Սահարայից հարավ Աֆրիկան, որտեղ մենք ցանկանում ենք ավելի շատ գերմանական ներդրումներ եւ ավելի շատ գերմանական առեւտուր անել»,- ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Յոհանեսբուրգում գերմանա-աֆրիկյան գործարար համաժողովը բացելիս:
Այս հայտարարությունը արտացոլում է Ուկրաինայի պատերազմից հետո իր համաշխարհային առեւտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու Գերմանիայի ռազմավարությունը։ Հաբեկը վերջերս փոխել է երկրի արտաքին ռիսկերի ապահովագրման համակարգը՝ Չինաստանի հանդեպ երկրի ուշադրությունը նվազեցնելու համար:
Հաբեկը, որ նաեւ փոխկանցլեր է, աֆրիկյան մայրցամաքը իդեալական վայր է համարում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների արտադրությունը խթանելու համար՝ որպես ռուսական գազի այլընտրանք: «Էներգիայի հանածո աղբյուրներն ապագա չէ, այն իրականում անցյալ է»,- ասել է Հաբեկը՝ 700 գործարարների կոչ անելով ավելի շատ ներդրումներ կատարել քամու եւ արեւային էներգիայի մեջ:
Հարավային Աֆրիկայում էլեկտրաէներգիայի ավելի քան 80 տոկոսը դեռեւս արտադրվում է ածուխով աշխատող էլեկտրակայաններում, եւ ներկայումս երկրում էլեկտրաէներգիայի բազմաթիվ անջատումներ են լինում, որոնք հատկապես վնասում են արդյունաբերական արտադրությանը: