Հետապնդել են հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի նախագահին․ սպառնացել ու հայհոյել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կեսգիշերին մոտ ՀՀ ոստիկանություն է ահազանգել Հայաստանում հայտնի մի քաղաքական կուսակցության նախագահ և հայտնել, որ Երևանում իրեն հետապնդել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ահազանգով ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին այդ քաղաքական գործիչը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում ինքն իր Jeep մակնիշի ավտոմեքենայով ընթնալիս է եղել, երբ սև գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը կարճ ազդանշան (սիգնալ) է տվել։
Դրանից հետո ճանապարհի 3 տարբեր հատվածներում այդ ավտոմեքենան շարունակել է հետապնդել իրեն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքական գործիչը նրան հայտնել է, որ ինքն օրինական զենք ունի և թող նա իրեն խելոք պահի, որպեսզի բանը զենքի գործադրմանը չհասնի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են քաղաքական կուսակցության նախագահի մատնանշած Mercedes-ը և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։