Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց անվտանգության
Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց ազատության և անվտանգության։ Կանանց շարժումը, կանանց իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունները, մշակութային և ստեղծագործական տարածքների, գիշերային ակումբների և երաժշտական փառատոնների ներկայացուցիչները պահանջում են փոխել բռնաբարության սահմանումը Վրաստանի օրենսգրքում, փոխանցում է Aliq.ge-ն։
Այս կերպ երթի մասնակիցները պահանջում են կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից։ Նրանք Առաջին հանրապետության հրապարակից ոտքով քայլել են դեպի Ռուսթավելիի փողոց՝ խորհրդարանի շենք։
«Բռնաբարությունը ճանաչված է միջազգային կոնվենցիաներով և դատարաններով, սակայն Վրաստանի օրենսդրությունը դա լիովին չի ճանաչում։
Այսօր վրաց օրենսդիրին չի հետաքրքրում կնոջ համաձայնության առկայությունը կամ բացակայությունը։ Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը համարում է միայն ֆիզիկական բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կատարված արարք։ Գործող օրենքով հնարավոր չէ կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից», — այսպիսին է եղել հանրահավաքի մասնակիցների դիրքորոշումը։
Բացի Թբիլիսիից, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անցկացվել Վրաստանի այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում և Թելավիում։
Նշենք, որ նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։